Ինչպես հայտարարվել էր՝ հունվարի 19-ին Գյումրիի «Բեռլին» հյուրանոցում տեղի ունեցավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հանդիպումը Բլեյան բաց ցանցի Գյումրիի հեղինակային դպրոց նախաձեռնողների խմբի հետ։
Տիար Բլեյանը նախ հակիրճ ներկայացրեց՝ ինչ ասել է հեղինակային կրթական ծրագիր, կազմակերպման, միջավայրի գլխավոր սկզբունքները։ Հավաքվածների շահագրգռվածությունը, հետաքրքրվածությունը ակնհայտ էր, ամենատարբեր հարցեր հնչեցին, փորձում էին մանրամասներ պարզել։ Հարցերը շատ էին, մեկ հանդիպման համար չէին։
Որպեսզի հետագա քայլերն հասկանալի, կոնկրետ դառնան, ի պատասխան գաղափարով բոլոր ոգևորվածություններին, տիար Բլեյանն առաջարկեց չշտապել, դադար տալ, պայմանավորվել հենց այս փուլում անելիքների մասին։ Դրանցից է մարտ ամսին կրթահամալիրի մանկավարժական ճամբարին Գյումրու խմբի մասնակցությունը, որը հնարավորություն կտա տեղում՝ ֆիզիկական միջավայրում ճանաչելու, հասկանալու, ընկալելու ներկայացվածը։
Ընթացքում նախաձեռնողների խումբը տեղեկատվությունը կփորձի հասցնել Գյումրու՝ հեղինակային կրթական ծրագիր ընտրող հնարավոր շահառուներին։
Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նաև գաղափարով, մանկավարժությամբ համակված, Գյումրիում ապրող ակտիվ, ընդունակ, վճռական, նախաձեռնող անհատների՝ գործին գլուխ կանգնելը։